ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղցրահամ ջրի ծավալի մեր մոլորակի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասարաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակավության պատճառով առաջացել են անապատներ:
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լուծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանազան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճակում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակտերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառվա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝ շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որպես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճանով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմությունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
Ջրոլորտը երկրի վրա գտնվող ջրերն են։ Ջրերը լինում են 2 տեսակի քաղցր և աղի։ - Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
Զանազան նյութեր իր մեջ լուծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանազան նյութեր: - Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
Այն ջրերն են կոչվում քաղցրահամ, որոնց 1 լիտրի մեջ գտնվում է 1 գրամից պակաս աղ։ - Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում: - Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամանակ հետո շոգը մեղմում է: